ՀՀ ներքաղաքական կյանքում գույները գնալով խտանում են, ասելիքը՝ դառնում էլ ավելի խճճված։ Այսօր իր հերթական եթերներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ «քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը անկախություն է»: Եկեք քաղաքագիտորեն և հնարավորինս մատչելի հասկանանք, թե իրականում ինչ է ասվում, քանի որ, ըստ էության, առաջին հայացքից թվում է, թե խոսքը «դեմոկրատական բազմազանության» (պլյուրալիզմի) պաշտպանության մասին է, բայց իրականում այն պարունակում է մի քանի շերտանի մանիպուլյացիա, որոնք արժե մանրամասն բացել։
Նախ՝ այստեղ կա հասկացությունների գիտակցված փոխարինում․ բանն այն է, որ «քչերից կախվածություն» և «շատերից կախվածություն» արտահայտությունները ներկայացվում են որպես որակապես տարբեր երևույթներ, մինչդեռ իրականում խոսքը կախվածության ձևերի մասին է, ոչ թե կախվածության վերացման։ Անկախությունը քաղաքական տեսության մեջ չի սահմանվում որպես կախվածության սուբյեկտների քանակի փոփոխություն, ավելին, անկախությունը նշանակում է ինքնիշխան որոշումների կարողություն՝ անկախ արտաքին դերակատարների ճնշումից կամ թելադրանքից։ Եթե դու պարզապես փոխում ես կախվածության աղբյուրների կառուցվածքը (մեկ կենտրոնից՝ բազմակի կենտրոններ), դու դեռ շարունակում ես մնալ կախվածության դաշտում։
Ասեմ ավելին, ասվածը դասական կեղծ դիլեմայի օրինակ է, քանի որ հանրությանը առաջարկվում է ընտրություն երկու տարբեր կախվածությունների միջև՝ կամ «քչերից կախվածություն» (ակնարկ՝ օրինակ Ռուսաստանից), կամ «շատերից կախվածություն» (ակնարկ՝ Արևմուտքից, Թուրքիայից կամ միջազգային տարբեր կենտրոններից)։ Բայց իրականում բացակայում է երրորդ տարբերակը՝ ինքնիշխանության աստիճանական ամրապնդում և կախվածությունների նվազեցում բոլոր ուղղություններով։ Այս տարբերակը դուրս է մղվում քննարկումից, քանի որ այն պահանջում է համակարգային քաղաքականություն, ոչ թե հռետորաբանություն։
Փաշինյանի նման հայտարարությունը նաև լեգիտիմացնող հռետորաբանություն է, քանզի այն ինշխանությունը, որը չի կարող ապահովել իրական ինքնիշխանության աճ (անվտանգություն, տնտեսություն, ինստիտուցիոնալ կայունություն), փորձում է վերաիմաստավորել կախվածությունը որպես «նոր անկախություն»։ Սա հին քաղաքական տեխնիկա է, յուրաքանչյուր այն իրավիճակում, երբ իրականությունը չի համապատասխանում հայտարարություններին, միանգամից փոխվում է ոչ թե իրականությունը, այլ՝ բառերի սահմանումը։
Պատմական օրինակները ցույց են տալիս, որ ցանկացած իրավիճակում, երբ քաղաքական ղեկավարները փորձել են կախվածությունը վերանվանել որպես անկախություն, այն միանգամից ուղեկցվել է պետականության թուլացմամբ։
Ասվածի ցայտուն օրինակ է «Ֆինլանդիզացիայի» դեպքը․ որոշակի շրջափուլում Ֆինլանդիան ձևականորեն բազմավեկտոր քաղաքականություն էր վարում, կապեր ուներ թե՛ Արևմուտքի, թե՛ Խորհրդային Միության հետ։ Բայց իրականում նրա քաղաքական որոշումների զգալի մասը պայմանավորված էր Մոսկվայի արձագանքի հաշվարկով։
Այստեղ նույնպես կարելի էր ասել՝ «մենք միայն մեկից կախված չենք», բայց փաստացի գոյություն ուներ ինքնիշխանության սահմանափակում, որը քողարկվում էր հավասարակշռված քաղաքականության անվան տակ։
Մեկ այլ դասական օրինակ է Եգիպտոսը Գամալ Աբդել Նասերի օրոք։ Նասերը փորձում էր խաղալ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև՝ ներկայացնելով դա որպես «ոչ միաբևեռ կախվածություն», սակայն արդյունքում Եգիպտոսը հայտնվեց մի իրավիճակում, որտեղ միաժամանակ կախված էր թե՛ խորհրդային ռազմական աջակցությունից, թե՛ արևմտյան տնտեսական հաշվարկներից։ Այստեղ ևս «շատերից կախվածությունը» չբերեց իրական անկախության, այլ ընդամենը խորացրեց արտաքին ազդակների ազդեցությունը երկրի ներսում։
Նույն տրամաբանությունը տեսանելի էր նաև 1955 թվականին տեղի ունեցած Բանդունգի (Ինդոնեզիա) կոնֆերանսից հետո․ մի շարք երկրներում ձևավորվել էր որոշակի «բալանսավորման» շարժում։ Տեսականորեն նրանք փորձում էին խուսափել մեկ բլոկից կախված լինելուց՝ դառնալով «շատերի հետ աշխատող» պետություններ, բայց պրակտիկայում շատերը (Հնդկաստան, Ինդոնեզիա, Հարավսլավիա և այլն) հայտնվեցին իրավիճակում, որտեղ ստիպված էին մշտապես բալանսավորվել մեծ ուժերի միջև՝ հաճախ գնալով զիջումների, այսինքն՝ կախվածության բազմապատկում, ոչ թե վերացում։
Փաստացի՝ Փաշինյանն առաջարկում է մի բանաձև, որը պատմության մեջ բազմիցս փորձարկվել է և գրեթե երբեք չի տվել այն արդյունքը, որը խոստացվել է։ Ավելին, այստեղ կա մի նուրբ, բայց կարևոր հանգամանք․ վերը թվարկած բոլոր դեպքերը փաստում են, որ, այն դեպքերում, երբ երկրի ղեկավարը հասարակությանը համոզում է, որ «շատերից կախվածությունը» անկախություն է, նա իրականում իջեցնում է անկախության նշաձողը։
Արմեն Հովասափյան